Դիանա Մինդելի

mdxzdv-nfwsՄենք բոլորս երազողներ ենք…

Ամեն մարդ ունի իր պատմությունը։ Ամեն մեկն ունի պատճառ այնպիսին լինելու, ինչպիսին կա։ Մարդը հենց այդպիսին է ոչ թե նրա համար, որ ուզել է այդպիսին լինել, այլ որովհետև ինչ-որ մի բան  դարձրել է նրան այդպիսին, և նա չի կարող ոչ մի բան անել։ Մարդը վախեր ունի: Նա վախենում է կորցնել այն մարդկանց, ում սիրում է, վախենում է այն հարցից ՝  թե կա՞ մեկը, որը վախենում է կորցնել իրեն։ Մարդը վախենում է անկեղծանալուց, վախենում է մտերիմ ընկերոջը կորցնելուց, հարազատ մարդու դավաճանությունից: Վախենում է հիշողություններից, որոնք կարող են  ոչնչացնել իրեն: 

Վախենում է, որ այս ամենի առաջ ինքը անզոր է, և դա ավելի է ցավեցնում իրեն:

Երբեմն նստած ես քո սենյակում, և չկա մեկը, ում կարող ես ասել, թե ինչ կա քո հոգում։ Դու չես կարողանում հավատալ ո՛չ սիրուն, ո՛չ ընկերությանը և ո՛չ անկեղծությանը։ Քեզ թվում է, թե ոչ մեկը չգիտի, թե ինչ ես զգում դու, և վախենում ես, որ չես գտնի այն մարդուն, ում հետ բաց կլինես։ Դու վախենում ես, որ քեզ ուղղակի չեն հասկանա և ցավ կպատճառեն։

Մենք բոլորս երազողներ ենք, մենք ուղղակի ուզում ենք կտրվել իրականությունից։

Ուզում եմ կանգնեցնել ժամանակը

Մեր այս տարիքում չենք կարողանում լեզու գտնել մեզնից մեծ մարդկանց հետ։ Ընտանիքում շատ կոնֆլիկտներ են առաջանում։ Հաճախ մենք գիտենք, որ մենք սխալ ենք, բայց վախենում ենք խոստովանելուց։
Ժամանակ է լինում, որ չեմ հասկանում ինքս ինձ և չեմ ուզում շփվել ոչ մեկի հետ: Ինձ թվում է, թե այս աշխարհում յուրաքանչյուրը դեմ է ինձ, հատկապես՝ իմ ծնողները, և ինչ վատ բան կատարվում է այս աշխարհում, իմ պատճառով է։
Մեծերը մեզ չեն կարողանում հասկանալ, երբ փորձում ենք խոսել, բացատրել ինչ-որ բան:Դրանից մենք ավելի ենք փակվում և սկսում ենք մտածել, որ մենք միայնակ ենք այս աշխարհում։ Հաճախ մեր ծնողները մտածում են, որ մենք փոքր երեխաներ ենք և չենք կարող ինքնուրույն որոշում կայացնել։ Այդտեղից է սկսվում մեր հակադրությունը։ Երբեմ մտածում ենք, որ մենք նրանց պետք չենք, և ցանկանում ենք առանձնանալ, ինքնուրույն մտածել, որ ոչ մի բան մեզ չխանգարի կենտրոնանալու համար։
Ես մեկ-մեկ ուզում եմ գնալ Լուսին և մենակ մնալ, չմտածել ոչ մեկի մասին և կտրվել աշխարհից։ Ես մտածում եմ, որ իրական ընկերություն և սեր չկա, և այդ մտքից ավելի եմ տխրում: Չեմ կարողանում բացատրել իմ զգացմունքները մեծահասակներին։ Ուզում եմ անջատել իմ ուղեղը գոնե մի րոպեով, որ ինքս ինձ իմ մտքերով քիչ-քիչ խելագարության չհասցնեմ։
Ես ուղղակի ուզում եմ կանգնեցնել ժամանակը։