Նանոր Հովհաննիսյան

7Դժվարությունը նշան է, որ դու ճիշտ ճանապարհին ես

Կյանքը բոլորի համար նույնն է։ Ծնվում ես, մեծանում, սովորում ես, աշխատում, վերջում՝՝ մահանում։ Բոլորս էլ գիտենք այս շրջանի մասին. այդ շրջանում բոլորս ենք  պտտվում: Ընտրում ես սովորելու քո ուղին, որ հենց այդ ուղով էլ շարունակես։ Բայց բոլոր մարդիկ չեն, որ հաջողությամբ են  սովորելու և աշխատելու այս հատվածները բարեհաջող հաղթահարում։ Դա, ինձ թվում է, սկսվում է նրանից, որ մարդիկ երբ սկսում են մի բան անել, դժվարություններ են ունենում և մտածում են, որ դա իրենցը չէ, և որ պետք է ուրիշ բան գտնել, որը հաջողությամբ կավարտեն։ Բայց այդպես ճիշտ չէ։ Դժվարությունը նշան է, որ դու ճիշտ ճանապարհին ես։ Ոչ մի բան քեզ հեշտ չի տրվում կյանքում, դու դրա համար պետք է աշխատես։ Երբ ինչ-որ բան չի ստացվում, պետք է նորից փորձես, նորից և նորից։ Չէ՞ որ մեր անհաջողություններն էլ են մեզ  սովորեցնում:  Եվ սա միայն սովորելու կամ աշխատանք ձեռք բերելուն չի վերաբերում:  Դժվարությունները միշտ կողքիդ են լինելու, ուղղակի պետք է հասկանաս, որ դու կարող ես շրջանցել դրանք։ Չեմ ուզում ասել, որ դժվարությունը լավ բան է:  Ուղղակի պետք է իմանաս, որ երբ ձախողվում ես,  նշանակում է, որ ամբողջ ուժով  չես աշխատում։ 

Ինձ համար անհասկանալի է…

Ամբողջ աշխարհում կան շատ  լավ և վատ բաներ։ Եվ դա է ստեղծում հավասարակշռությունը։ Ճիշտ է, աշխարհում կան շատ անարդարություններ։ Բայց կա մի հսկա անարդարություն, որը ինձ հանգիստ չի թողնում։ Կյանքում բնության օրենքներն են գործում, իսկ բնության մեջ՝  կյանքի օրենքները։ Բնությունը կյանք է, կյանքը՝ բնություն։ Օրենքն այսպիսին է, և ես լիովին համաձայն եմ դրա հետ։ Բայց կա մի օրենք բնության մեջ, որը չի համընկում։ ԲՆՈՒԹՅԱՆ ՇՂԹԱՆ:  Բնության շղթան իմ գլխում չի տեղավորվում։ Առյուծը ուտում է գայլին, գայլը ուտում է բորենուն , բորենին՝ աղվեսին, աղվեսը կարող է հավ ուտել, հավը կարող է միջատ ուտել և այլն։ Սա բնության շղթան է: Իսկ եթե բնության մեջ ամեն ինչ կապ ունի կյանքի հետ, արդյո՞ք կյանքում էլ է այսպես: Եթե այո, ուրեմն  դա կյանքի ամենաանարդար երևույթներից է։ Չէ՞ որ մենք բոլորս սովորել ենք, որ մարդկանց չպետք է նեղացնել՝ անկախ նրա ֆիզիկական կամ  բնավորության թուլությունից: Մենք սովորել ենք ապրել իրար հարգելով, իրար սիրելով, իրար օգնելով։ Իսկ դա կենդանիների մոտ այլ է։ Օրինակ՝ եթե կենդանին ուզում է ապրել, ապա պետք է պայքարի իր կյանքի համար, կենդանի մնալ՝ մյուսին ոչնչացնելով։ Կարո՞ղ է՝ կյանքում էլ է այդպես: Չէի ուզի, որ այդպես լիներ: Ուզում եմ, որ բոլորն իրար սիրելով ապրեն և՛ կյանքում, և՛ բնության մեջ:

Աշնան լուսաբացը

Արևը նոր է ծագում։ Երկինքը դեռ սև ու գորշ երանգ ունի։ Բայց արևը կամաց-կամաց սարերի տակից դուրս է գալիս, մոտենում մեզ։ Արևի շողերը դանդաղ-դանդաղ տաքացնում են երկրի մակերեսը։ Ամեն աշնան առավոտ այսպես է սկսվում։ Միշտ մտածել եմ, որ ամեն լուսաբաց նույնն է։ Սև երկինք-Արևը ծագում է- և սկսվեց առավոտը։ Բայց երբ նայում եմ աշնան լուսաբացին, գարնան լուսաբացին, ձմռանը և ամռանը, հասկանում եմ, որ նրանք տարբեր են։ Ամռանը երբ արթնանում ես, արթնանում ես երեխաների ձայներից, որոնք բակում են խաղում։  Գարնանը արթնանում ես թռչունների ձայններից, իսկ աշնանը՝ պաղ քամու շնչից։ Բայց աշնան լուսաբացը մի բանով տարբերվում է մյուս լուսաբացներից։ Երբ արթնանում ես,  երկնքի երանգը սև գորշից անցնում է դեպի մի բաց մոխրագույն երանգի, որը ինձ շաա~տ է դուր գալիս, Բայց աշնան երկնքի երանգները ընդամենը երկուսն են՝ սև և մոխրագույն։ Երևի դրա համար են աշնան տերևները, որ գույն ավելացնեն աշնանը։ Երևի ներդաշնակությունը բնության մեջ այդպես է ապահովվում։

Տիեզերք

Երբևէ եղե՞լ է քեզ հետ, երբ պառկել ես աստղերի տակ և վեր ես նայել։Նայել ու վախ ես զգացել։ Նայել ես տիեզերքին, նայել ես աստղերին, և հանկարծ տիեզերքի անսահմանությունից վախե
ցել ես։ Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչից եմ վախենում, ինչն է այդ վախի պատճառը։ Գիտեի, որ վախենում եմ, բայց չգիտեի՝ ինչից։ Իսկ հիմա կարծես թե հասկացել եմ.մենության վախն է։ Վախենում եմ, երբ տեսնում եմ, թե ինչքան մեծ, անսահման է տիեզերքը, և զգում եմ, որ անսահմանության մեջ մենակ եմ։ Եթե անգամ շրջապատված ենք հազարավոր մարդկացով, մեկ է՝ մեր հոգիներին պատում է այդ վախը, այդ մենությունը։ Մենություն․․․ Բոլորս էլ մենակ ենք, ուղղակի վախենում ենք դա ընդունել. չենք ընդունում, որպեսզի չկորցնենք ուրախությունը:

Реклама