Մտքերը՝ Դիանա Մինդելիի
Ամեն մարդ ունի իր պատմությունը։ Ամեն մեկն ունի պատճառ այնպիսին լինելու, ինչպիսին կա։ Մարդը հենց այդպիսին է ոչ թե նրա համար, որ ուզել է այդպիսին լինել, այլ որովհետև ինչ-որ մի բան դարձրել է նրան այդպիսին, և նա չի կարող ոչ մի բան անել։ Մարդը վախեր ունի: Նա վախենում է կորցնել այն մարդկանց, ում սիրում է, վախենում է այն հարցից ՝ թե կա՞ մեկը, որը վախենում է կորցնել իրեն։ Մարդը վախենում է անկեղծանալուց, վախենում է մտերիմ ընկերոջը կորցնելուց, հարազատ մարդու դավաճանությունից: Վախենում է հիշողություններից, որոնք կարող են ոչնչացնել իրեն:
Վախենում է, որ այս ամենի առաջ ինքը անզոր է, և դա ավելի է ցավեցնում իրեն:
Երբեմն նստած ես քո սենյակում, և չկա մեկը, ում կարող ես ասել, թե ինչ կա քո հոգում։ Դու չես կարողանում հավատալ ո՛չ սիրուն, ո՛չ ընկերությանը և ո՛չ անկեղծությանը։ Քեզ թվում է, թե ոչ մեկը չգիտի, թե ինչ ես զգում դու, և վախենում ես, որ չես գտնի այն մարդուն, ում հետ բաց կլինես։ Դու վախենում ես, որ քեզ ուղղակի չեն հասկանա և ցավ կպատճառեն։
Մենք բոլորս երազողներ ենք, մենք ուղղակի ուզում ենք կտրվել իրականությունից։